Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ավանդական երգ ու պարի տոնահանդես կասկադում

Ավանդական երգ ու պարի  տոնահանդես կասկադում
03.10.2014 | 13:06

«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ «Գաֆէսճեան» քանդակների բացօթյա պարտեզում, առաջին անգամ ՀՀ-ում, մեկնարկեց «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը:
Ազգային ոգու իրական տոնահանդես` ազգային մշակույթի հարյուրավոր նվիրյալներ, ավանդական դհոլ-զուռնա, ազգային նվագարաններ, մեր մամիկների հույզերի թարգման` մոռացումից հրաշքով փրկված անխառն, զուլալ երգերի թանկ նշխարներ, հոգին թունդ հանող ավանդական` կրակոտ ու ռազմահայրենասիրական պարեր, պարերգեր: Տոնահանդեսի առանցքում` Հայաստանի մարզերն ու Արցախ աշխարհը ներկայացնող ավանդական երգ ու պարի 11 համույթ` յուրաքանչյուրն իր գույնով ու անկրկնելի տեսակով:
Փառատոնի կազմակերպիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ ու ջանքերով կյանքի կոչված այս հայրենանվեր, ազգային համախումբը նպատակ ուներ հայ ազգային մշակույթն առավել ճանաչելի դարձնելու և այն հանրայնացնելու, սերնդեսերունդ փոխանցելու, պահպանելու, որպեսզի համաշխարհայնացման այս հարահոսում չձևավորվի իր ազգային նկարագրից հեռու և անհաղորդ` ժամանակակից հայ երիտասարդի տեսակ:
Փառատոնի հայաշունչ ծաղկաբույլում տեսանյութերով մեծարվեցին նաև հայ տոհմիկ արվեստի շատ երախտավորներ` Հայրիկ Մուրադյան, Շատեր Սահակյան, Մկրտիչ Սարգսյան (Մգրո), Ստեփան Պողոսյան, Գևորգ Հակոբյան, Մարո Մուրադյան, Հոռոմ Հարությունյան, Գուրգեն Գաբրիելյան։
Ողջ երեկոյի ընթացքում ծփում էր ոգեղեն տրամադրությունը, և խմբերի խանդավառ, վարակիչ երգ ու պարով ոգեշնչված ազգային մշակույթի հարյուրավոր նվիրյալներ մեկտեղված պարում էին նրանց հետ: Ողջունելի է, որ այս անգամ ազգային արվեստի մշակույթի շքահանդեսին ոչ միայն աջակցել, այլև իրենց ներկայությամբ այն պատվել էին վարչապետը, մշակույթի նախարարը, քաղաքապետը: Վստահ եմ` նաև ազգային մշակույթի նման արժևորմամբ և զարթոնքով է ձևավորվում ազգային նկարագրով Նոր հայը` հպարտ իր ազգային պատկանելությամբ:


Նվարդ ԲՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ